Ծխելը թողնել ցանկացող  100 մարդկանցից միայն 5-ն է հաջողության հասնում. սակայն չի կարելի հրաժարվել փորձերից

31 մայիսի, 2019  15:07

Ծխելը թողնել ցանկացող  100 մարդկանցից միայն 5-ն է իսկապես հաջողության հասնում եւ որոշումն  ընդունելուց մեկ տարի անց դեռեւս չի ծխում:

Սակայն նման  վիճակագրությունը ծխելու թողնելու փորձերից հրաժարվելու պատճառ չէ, պնդում է Արուսյակ Հարությունյանը՝ ծխախոտային կախվածությունից բուժման հավաստագրված մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ անգամ լավագույն դեղամիջոցների օգտագործման դեպքում, որոնք օգնում են թողնել ծխելը, մարդկանց միայն 33 տոկոսն է հաջողության հասնում: Սակայն չի կարելի հուսահատվել. այսպիսին է ծխախոտից կախվածության յուրահատկությունը եւ ծխելը թողնելու ցանկություն ունեցողը պետք է հասկանա դա: Ավելին՝ հասկանալով, որ ծխելը թողնելն այդքան դժվար  է ոչ թե կամքի ուժի բացակայութայն պատճառով, այլեւ նիկոտինից կախվածության յուրահատկության պատճառով, մարդն ավելի գրագետ կմոտենա խնդրին եւ մեծ է հավանականությունը, որ կթողնի ծխելը:

Նրան այդ հարցում կարող են օգնել ինչպես հատուկ վերապատրաստում անցած մասնագետներեը, այնպես էլ դեղամիջոցները:  Նման դեղերից մի քանիսն արդեն հասանելի են Հայաստանում, իսկ բուժաշխատողներին սովորեցնում են դրանք ճիշտ նշանակել եւ բացատրել պացիենտներին, թե ինչպես է պետք դրանք օգագործել  առավելագույն արդյունավետության համար:

Որպեսզի ծխելը թողնելը հեշտ լինի, հարկավոր է շրջապատի աջակցությունը. եթե  հասարակությունում մթնոլորտը հակածխախոտային է, դա մեծ օգնություն կլինի ծխողներին այդ սովորության դեմ պայքարում: Այսպես, եթե հասարակակա ն վայրերում, փակ տարածքներում արգելված է ծխելը, ծխողին շատ ավելի հեշտ կլինի թողնելը: Եվ հակառակը՝ երբեմն ծխելը թողած մարդիկ, նորից են սկսում ծխել այն բանից հետո, երբ ծխողների ընկերակցությամբ սկում են ծխել, օրինակ ռեստորանում:

Նոր հակածխախոտային օրենքը, որը մոտ ապագայում կընդունվի Հայաստանում եւ որը բոլոր հասարակական վայրերում կարգելի ծխելը, ոչ միայն չծխողներին կպաշտպանի ծխախոտի ծխից, այլեւ կստեղծի միջավայր, որտեղ ծխողներին հեշտ կլինի թողնել ծխելը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ նրա գործընկերները նշում են Ծխախոտի համաշխարհային օրը:

Առողջապահության Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը եւ փորձագետ Դավիթ Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեցին, որ այօսր Երեւանում բազմաթիվ միջոցառումներ  են նախատեսված, այդ թվում 16:00-ին հետաքրքրիր ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ 19:00-ին դիջեյ բաթլ շատրվանների այգում՝ կառավարության 3-րդ շենքի դիմաց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում